Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) եւ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց։
Այսօր Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի եւ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Գեւորգ Սիմոնյանի ջանքերով երկու կառույցների համագործակցությունն ազդարարող հուշագիր ստորագրվեց։ Նախատեսվում է, որ կողմերը կհամատեղեն կարողությունները վերասոցիալականացման միջոցառումների եւ ծրագրերի շրջանակներում նպաստելու անչափահաս եւ երիտասարդ շահառուների կողմից նոր հանցագործությունների կանխմանը, մշակութային, մարզական եւ կրթական գործունեության զարգացմանը եւ օրինապահ վարքագծի դրսեւորմանը։ Մեծ դեր է հատկացված անչափահասների եւ երիտասարդների հասարակություն վերաինտեգրվելուն։
«Մեր ծառայության շրջանակում առաջին անգամ ենք համագործակցության հուշագիր ստորագրում Հայաստանում ակտիվ գործունեություն իրականացնող երիտասարդական կառույցի հետ։ Տեղեկացված ենք, թե ինչքան ընդլայնված ու հարուստ պատմություն ունեցող կառույց է Երիտասարդական ակումբների դաշնությունը, որի հետ համագործակցությունից մեծ ակնկալիքներ ունենք»,- ասաց ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գեւորգ Սիմոնյանը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս առավել նեղ շրջանակում հանդիպումներ կկայանան իր ղեկավարած կառույցի աշխատակիցների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների եւ Երիտասարդական ակումբների դաշնության ակտիվ անդամների միջեւ՝ առավել կիրառական քննարկելու սպասվող համագործակցության շահառուներին մատուցվելիք ծառայությունները։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ իրենք մեծ սպասելիքներ ունեն համագործակցությունից, քանի որ վերջին տարիներին բավականին լայնածավալ աշխատանքներ են իրականացրել Երեւանում եւ ՀՀ մարզերում՝ երիտասարդների համար կրթական, մշակութային, բնապահպանական ու ճանաչողական մեծածավալ ծրագրեր կազմակերպելով. «Մենք մեծ ցանկություն ունենք, որ երիտասարդներն ակտիվ ներգործություն ու դեր ունենան որոշումների կայացման առումով։ Նրանց դերը մեր հասարակությունում մեծ է ու չափազանց կարեւոր։ Ոչ ֆորմալ կրթության մեթոդներով մենք կարողացել ենք տասնյակ, հարյուրավոր երիտասարդների համար հնարավորություններ ստեղծել ինքնակրթվելու եւ առօրյայում անհրաժեշտ կարողություններ զարգացնելու։ Իհարկե, մեզ համար եւս նորույթ կլինի այսպիսի համագործակցությունը։ Կարծում ենք՝ ունենք համապատասախան թիմ, որը կկարողանա օգտակար լինել Պրոբացիայի ծառայության շահառուների՝ օրինապահ վարքագծի դրսեւորմանը, իրավագիտակցության բարձրացմանը նպաստելը»։
Թե՛ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գեւորգ Սիմոնյանը, թե՛ ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը վստահություն հայտնեցին, որ հնարավոր կլինի այս համագործակցության շնորհիվ օգտակար հանրային կապեր ստեղծել ու շփումներ զարգացնել, ինչը կարող է օգնել նաեւ նոր հանցագործությունների կանխմանը։ ԵԱԴ-ի կողմից առաջարկվեց նաեւ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ օրենքով սահմանված կարգով շահառուների տվյալների փոխանակման եւ ընթացիկ հարցերին արագ արձագանքելու համար։
Հավելենք, որ համագործակցության հուշագրի շրջանակում ԵԱԴ-ը Պրոբացիայի ծառայության անչափահաս եւ երիտասարդ շահառուներին հնարավորություն է ընձեռելու մասնակցել ԵԱԴ-ի տեղական եւ միջազգային երիտասարդական ծրագրերին, իրականացվող արշավներին, բնապահպանական եւ այլ տիպի նախաձեռնություններին, ներգրավվելու կամավորական աշխատանքներում, օտար լեզուների ուսուցման ակումբներում ու երիտասարդական դասընթացներում։
Comentários