top of page
Search

Եվրոպայի Խորհրդի CM/Rec(2017)/4 երիտասարդական աշխատանքի Հանձնարարականը դարձյալ օրակարգում էր



Հոկտեմբերի 7-ից 12-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաքում՝ Բրյուսելում, Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության գործընկեր կազմակերպություն Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնությունը նախաձեռնել էր կրթական դասընթաց «Ինչպես արդյունավետ ջատագովել երիտասարդական աշխատանքի համար՝ օգտագործելով Եվրոպայի Խորհրդի երիտասարդական աշխատանքի Հանձնարարականը» խորագրով։ Ծրագրի նպատակը երիտասարդական աշխատանքի քաղաքականության և Հանձնարարականի (CM/Rec(2017)/4) մասին հանրային իրազեկության բարձրացումն էր և դրա օգտագործման խթանումը երիտասարդական քաղաքականության առաջխաղացման գործում։

Հանձնարարականի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը կատարվել է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

23 երիտասարդական աշխատողներ և առաջնորդներ, որոնք եկել էին Եվրոպայի տարբեր երկրներից, ծանոթացան Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական բաժնի աշխատանքներին, առաջնահերթություններին և քայլ առ քայլ ուսումնասիրեցին ջատագովության իրականացման շրջանը:


Ծրագրի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին երիտասարդական աշխատանքի կարևորության վերաբերյալ, տեղեկացան երիտասարդական աշխատանքի Հանձնարարականի պատմության, կառուցվածքի, բովանդակության և նպատակաների մասին, ուսումնասիրեցին, թե ինչպես է երիտասարդական աշխատանքի համար ջատագովությունն իրականացվում եվրոպական, ազգային և տեղական մակարդակով։ Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին նաև օգտագործելու այդ տեղեկատվությունն իրենց հետագա աշխատանքի ընթացքում` ազգային, տարածաշրջանային կամ տեղական մակարդակում:

Միջազգային ծրագրի մասնակիցները թիմային աշխատանքի արդյունքում մշակեցին ջատագովության (advocacy) գործողությունների պլան՝ հիմնված Եվրախորհրդի երիտասարդական աշխատանքի Հանձնարարականի վրա:

Ծրագրի երրորդ օրը մասնակիցները երիտասարդական աշխատանքի համար ջատագովության վերաբերյալ օգտակար և հետաքրքիր պատկերացում ստացան Տանյա Բասարաբից (ԵՄ-ԵԽ երիտասարդական գործընկերություն) և Լիվա Վիկմանեից (Եվրոպական երիտասարդական ֆորում):


Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության անդամներ Սոխակ Մելքոնյանը և Ալլա Խաչատրյանը նույնպես Բրյուսելում էին՝ մասնակցելու ծրագրին և իրենց գիտելիքներն ու փորձը հետագայում օգտագործելու Հայաստանում երիտասարդական քաղաքականության զարգացման գործում։ Ծրագրի կազմակերպչական և դասընթացավարների թիմում էր ԵԱԴ-ի միջազգային քարտուղար, ECYC-ի փոխնախագահ Դիանա Եղիազարյանը:

Մասնակիցներից Ալլա Խաչատրյանի խոսքով՝ միջազգային ծրագիրը մեծ կարևորություն ունի, քանի որ կօգնի ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության և ռազմավարության մշակումն ու դրա արդյունավետ իրագործումը խթանելու գործում․ «Առավել օգտակար էր բացահայտել և պատկերացում կազմել այլ երկրների երիտասարդական քաղաքականության իրավիճակի, ծրագրերի ու երիտասարդության կարիքների մասին, համեմատելու և լավագույն փորձը կիրառելու հայրենիքում։ Ծրագրից ստացած գիտելիքներն ու փորձը մեծապես կնսպաստեն նպատակային աշխատանքներ տանելուն երիտասարդության ազգային պետական ռազմավարության, ներառյալ երիտասարդական աշխատանքի ինստիտուտի զարգացման ուղղությամբ` բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով ոլորտի իրավական խնդիրները լուծելու համար»:


«Կարևորելով երիտասարդական աշխատանքը պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում քայլեր ձեռնարկի երիտասարդների անձնական, մասնագիտական աճի ուղղությամբ։ Նմանատիպ ծրագրերը նպաստում են դրան և դառնում հարթակ տարբեր երկրների երիտասարդական ոլորտի աշխատողների փորձի փոխանակման համար»,- կարծում է ծրագրի մյուս մասնակից, Լոռու ԵԱԴ-ի մարզային համակարգող Սոխակ Մելքոնյանը։


Երիտասարդական ակումբների դաշնությունն իր կողմից պատրաստ է մասնակցել երիտասարդական քաղաքականության հրապարակային քննարկումների և ջատագովել երիտասարդական աշխատանքի ճանաչման ու դրա առավել արհեստավարժ դառնալու համար։

Հատկանշական է, որ միջազգային ծրագրի իրականացումը համաֆինանսավորվել է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից:


2017 թ.-ին ԵԽ նախարարների խորհրդի 1287-րդ ժողովի ժամանակ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հանձնարարական /CM/Rec(2017)4/ է ընդունվել, որով խրախուսվում է ԵԽ անդամ պետություններին զարգացնել և ուժեղացնել երիտասարդական աշխատանքի քաղաքականությունն ու փորձը։




Comments


bottom of page