Անի Պողոսյանն է` Երիտասարդական ակումբների դաշնության առաջին քարտուղարը: Կարծում եմ` խորհրդանշական է, որ շարքի առաջին հարցազրույցն առաջին քարտուղարի հետ եմ վարել:
Անին սովորում է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
Ծիծաղով ու մի փոքր էլ ամաչելով է նշում, որ իր մասնագիտությունը չի սիրում և փորձում է բացթողումը լրացնել Երիտասարդական ակումբների դաշնությունում: Հարցրեցի, թե ինչ կընտրեր, եթե ոչ ծրագրավորումը. «Որևէ հումանիտար մասնագիտություն կընտրեի: Գրելն ինձ մոտ ստացվում է, կարծում եմ՝ լրագրող կլինեի: Բայց քանի որ մայրս ռադիոֆիզիկ էր, հորդորեց գնալ հենց այս ճանապարհով»:
Շատերն են երևի դժվար ընտրության առջև կանգնել մասնագիտական կողմնորոշման ժամանակ և շատ լավ կհասկանան Անիին: Իսկ դեռ նոր ընտրություն անողներին Անին խորհուրդ տվեց զբաղվել նրանով, ինչը սիրում են, չլսել, իսկ հետագայում էլ չմեղադրել ծնողներին կամ ընկերներին, ովքեր օգնել են ընտրության հարցում: Այսկերպ աշխատանքը ոչ թե տանջանք, այլ հաճույք կլինի:
Կարծում եմ, երբեք էլ ուշ չէ ուղղել սեփական սխալները: Անին էլ ինձ հետ համամիտ է և շուտով պատրաստվում է իրեն նոր ոլորտում փորձել:
Անին իր անհատականությունը ընդգծող գիծը համարում է համարձակ լինելը: Չի վախենում մարտահրավերներից և նույնիսկ ինքն է իր համար ստեղծում դրանք: Կապ չունի կհաղթահարի, թե՝ ոչ. սիրում է փորձել և այդկերպ իր կյանքն ավելի հետաքրքիր դարձնել: Պատահական չէ, որ Անիին ոգեշնչող կերպարը հենց Ադոլֆ Հիտլերի կերպարն է: Անին ասում է, որ Հիտլերը կարողացավ պահը ճիշտ օգտագործել և չվախեցավ:
-Ես սիրում եմ խենթ մարդկանց, իսկ Հիտլերը խենթ էր: Նա կարողացավ միայնակ մի ամբողջ պետություն գլխիվայր շրջել:
Երիտասարդությունը համարվում է մարդու զարգացման ամենախենթ շրջանը: Անին հիշում է, թե ինչպես ԵԱԴ ծրագրերից մեկի ժամանակ իրենց խումբը 16կմ ճանապարհ անցավ ոտքով: Ճանապարհորդության ընթացքում բավականին շատ փորձություններ հաղթահարեցին. թռել են 10 մետրից, գետն են անցել այն դեպքում, երբ ոչ ոք լողալ չգիտեր:
Որպես երիտասարդ, Անին միշտ երազել է որևէ էքստրեմալ բան անել, օրինակ`թռչել օդապարիկով, բայց դեռևս չի հաղթահարել իր վախը բարձրությունից: Ամեն դեպքում, մի օր հաստատ կհաղթահարի:
Անին սկսել է կամավորական աշխատանքով զբաղվել, երբ ընդամենը 14 տարեկան էր: Դեռ ոչինչ չէր հասկանում կյանքից, պատկերացում չուներ ո՛չ կամավորության, ո՛չ երիտասարդական աշխատանքի մասին:
Աչքերս բացեցին ու մի մութ անտառ տարան: Այդ մութ անտառում լույսը բռնած կանգնած էր Սիրարփի Արշակյանը` այդ ժամանակվա ԵԱԴ գլխավոր քարտուղարը: Հենց նա էլ ինձ ոգեշնչեց շարունակել կամավորությունը», - ասաց նա։
Անիի մոտ ցանկություն առաջացավ աշխատել, օգնել այլ մարդկանց, ճամփորդել, կրթվել և կրթել:
«Այն Անին, որ կա հիմա, ձևավորվել է հենց կամավորական աշխատանքի միջոցով: Ես ավելի շատ բան սովորել եմ կամավորություն անելով, քան դպրոց հաճախելով: Կամավորությունը քեզ տալիս է հմտություններ, որոնք կարող ես կիրառել կյանքում և որոնք անպայման կօգնեն քեզ` սկսած միջանձնային հարաբերություններից, անգլերենի մակարդակի բարելավմամբ վերջացրած: Աշխատանքի ընդունվելու ժամանակ էլ գործատուն ուշադրություն է դարձնում կամավորական փորձին: Կամավորություն անող մարդը միշտ էլ տարբերվում է:
Մարդ երիտասարդ է այն դեպքում, երբ ինքը իրեն երիտասարդ է համարում, ունի այնքան ուժ, որ նոր բան փորձի, չվախենա ու չընկճվի: Իսկ երիտասարդությունն ավարտվում է այնտեղ, որտեղ մարդը դադարում է նոր բաներ սովորել և զարգանալ»,- կարծում է Անին:
Այժմյան երիտասարդներին Անին հորդորում է՝ երբեք չհանձնվել, չհուսահատվել և լավատես լինել:
Կարծում եմ, արժե հետևել Անիի խորհրդին:
Արինե Մխիթարյան #ԵԱԴ20 #երիտասարդականակումբներիդաշնություն #FYCA20 #անիպողոսյան #արինեմխիթարյան
Kommentare