top of page
Search

Երիտասարդական աշխատանքի քաղաքականության մշակման նոր ազդակ կտրվի Հայաստանում


Մարտի 11-ից 15-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երիտասարդական կենտրոնում կայացավ «Youth Work Policy in Europe: It's Up to Us!» ուսումնական ծրագիրը, որի նպատակը երիտասարդական աշխատանքի քաղաքականության և Եվրոպայի Խորհրդի կողմից մշակված «Երիտասարդական աշխատանքի մասին» Հանձնարարականի (Youth Work Recommendation (CM/Rec(2017)4) մասին հանրային իրազեկվածության բարձրացումն էր և դրա օգտագործման խթանումը երիտասարդական քաղաքականության առաջխաղացման գործում։


Ուսումնական ծրագիրը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարական ակումբների համադաշնության (European Confederation of Youth Club - ECYC) և Եվրախորհրդի երիտասարդական բաժնի կողմից, որի ընթացքում իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամներ Գայանե Բարսեղյանը, Գարիկ Խաչատրյանը, Հրայր Պողոսյանը և Մարգուշ Հակոբյանը: Ծրագրի կազմակերպչական և դասընթացավարների թիմում էր ԵԱԴ-ի միջազգային քարտուղար, ECYC-ի փոխնախագահ Դիանա Եղիազարյանը:


Ծրագրի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին երիտասարդական աշխատանքի կարևորության վերաբերյալ, տեղեկացան Երիտասարդական աշխատանքի հանձնարարականի պատմության, կառուցվածքի, բովանդակության և նպատակաների մասին, ներկայացրին իրենց փորձը երիտասարդական ռազմավարության մասին միջազգային հարթակում: Ծրագրի երկրորդ օրը մասնակցիներին հյուր եկավ Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական բաժնի նախագահ Անթյե Ռոդեմունդը, որն իր անմիջական մասնակցությունն էր ունեցել Հանձնարարականի ստեղծման գործում:



Ամբողջ ուսումնական ծրագրի ընթացքում 37 մասնակիցներ ակտիվորեն ներկայացնում էին իրենց երկրներում երիտասարդական քաղաքականության իրավիճակի, ծրագրերի ու երիտասարդության կարիքների մասին։ Ծրագրի վերջին օրերին մասնակիցները կազմեցին իրենց գործողությունների պլանը, որը պատրաստակամ են իրականացնել հայրենիքում:


Մասնակիցներից Գայանե Բարսեղյանը ծրագիրը անչափ կարևոր համարեց. «Ինձ համար հետաքրքիր էր և բավականին օգտակար բացահայտել այլ երկրների փորձը երիտասարդական աշխատանքի բնագավառում, տեսնել ու համեմատել երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատող ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ կառույցների համագործակցությունը։ որոշումների կայացման co-management մոդելը: Հանձնարարականի 7 կետերից յուրաքանչյուրը շատ կարևոր է երիտասարդական աշխատանքի դաշտի զարգացման համար, սակայն ինձ համար առավել կարևոր է երկրորդ կետը: Երիտասարդական աշխատողների և կամավորների համար փորձի ու գիտելիքի վրա հիմնված ճկուն կրթական համակարգի հաստատումը, որը կկրթի և համապատասխան փորձ կհաղորդի նրանց: Պետք է ստանդարտացնել և համակարգել երիտասարդական աշխատանքը` լավագույն փորձն օգտագործելով, այն համեմելով լավագույն գիտելիքահեն մեթոդներով»:


Խոսելով ծրագրից ստացած գիտելիքների և փորձի վերաբերյալ՝ Գարիկ Խաչատրյանը նշեց. «Առաջին անգամ էի Եվրոպայում մասնակցում միջազգային ծրագրի: Երիտասարդական ակումբների դաշնության շնորհիվ տեղեկացա երիտասարդական աշխատանքի քաղաքականության մասին, դրա կարևորության և առաջխաղացմանը նպաստելու քայլերի մասին: Հանձնարարականի գաղափարը և սկզբունքերը միանգամից հետաքրքրություն առաջացրին: Հանձնարարականը հիմնվում է առկա արժեքների, երիտասարդական աշխատանքի սկզբունքների ու չափանիշերի վրա: Երիտասարդական աշխատանքի իրականացումը կառուցված է կամավոր և ակտիվ մասնակցության, հավասար հասանելիության, պատրաստակամության ու ճկունության սկզբունքների վրա։ Այն պետք է հիմնված լինի մարդու իրավունքների վրա, լինի ներառական և կենտրոնացված երիտասարդների կարիքների և ունակությունների վրա: Այս ոլորտում անելիքներ դեռ շատ ունենք, ուստի և սկսում ենք հենց հիմա»:


Ծրագրի մասնակից Մագա Հակոբյանին հետաքրքիր էր առաջին կետը, որտեղ շեշտը դրվում է որակյալ երիտասարդական աշխատանքի ապահովման վրա։ Այստեղ ուշադրություն է հրավիրվում քաղաքականության, ռազմավարությունների, օրինագծերի, կայուն կառույցների ու ռեսուրսների, այլ ոլորտների հետ արդյունավետ համագործակցության ստեղծման կարևորության վրա։ Մագայի կարծիքով՝ այսօրվա երիտասարդությանն անհրաժեշտ է ապահով ապագա ստեղծելու քաղաքականություն, ինչի արդյունքում երիտասարդական աշխատողը կունենա իր ուժերը հստակ ներդնելու ծրագիր:


Ծրագրի մասնակից Հրայր Պողոսյանի համար նշանավոր էր 7-րդ կետը, որն ամրապնդելով անդամ պետություններում Եվրոպայի խորհրդի երիտասարդական աշխատանքի չափորոշիչների տարածումը, ճանաչումը և ազդեցությունը՝ կոչ է անում առաջխաղացնել Եվրախորհրդի՝ երիտասարդական կենտրոններին տրվող Council of Europe Quality Label for Youth Centres (Որակական պիտակ) տարածումը՝ որպես լավագույն փորձ։


Հանձնարարականը բաղկացած է յոթ կետից, որոնց ոչ պաշտոնական հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ ստորև: Հանձնարարականի հայերեն թարգմանությունը հայաստանցի մասնակիցների Գործողությունների պլանի առաջնահերթ կատարվելիք գործերից էր։


Հանձնարարվում է, որ անդամ պետությունների կառավարությունները, իրենց իրավասության շրջանակում, կրկին վերանայեն իրենց աջակցությունը երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հետևյալ կերպ.


1. Համոզվել, որ որակյալ երիտասարդական աշխատանքի ստեղծումը կամ հետագա զարգացումը ապահովված է և ակտիվորեն աջակցություն է ստանում տեղական, տարածաշրջանային կամ ազգային երիտասարդական քաղաքականությունների շրջանակներում: Հաշվի առնելով երիտասարդական աշխատանքի բազմազանությունը անդամ պետություններում՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ռազմավարության, կառուցվածքների, օրենսդրության, կայուն կառույցների և ռեսուրսների կարիքներին, արդյունավետ համագործակցությանն այլ ոլորտների, ինչպես նաև առնչություն ունեցող այլ քաղաքականությունների հետ, որոնք առաջխաղացնում են բոլոր երիտասարդների հավասար հասանելիությունը երիտասարդական աշխատանքին: Երիտասարդական աշխատողները և երիտասարդները պետք է ակտիվորեն ներգրաված լինեն ցանկացած պլանավորված միջոցառումներին՝ Հանձնարարականի իրականացման համար։


2. Ստեղծել համաձայնեցված և ճկուն՝ ունակությունների վրա հիմնված շրջանակ վճարվող և կամավոր երիտասարդական աշխատողների կրթության ու վերապատրաստման համար, որը հաշվի կառնի առկա փորձը, նոր միտումները և հարթակները, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի բազմազանությունը: Շահառուները, ներառյալ երիտասարդության աշխատողները և երիտասարդները պետք է ներգրավվեն այս շրջանակի զարգացման մեջ։


3. Հաշվի առնել այս Հանձնարարականի հավելվածում առաջարկվող միջոցները և սկզբունքները, և խրախուսել երիտասարդական աշխատանքի մատակարարներին վարվել նույն կերպ։


4. Աջակցել Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի նախաձեռնությանը Եվրոպայում երիտասարդական աշխատանքի ոլորտում ներառված շահագրգիռ կողմերի հատուկ այս դեպքի համար բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծմանը, որը կարող է մշակել եվրոպական երիտասարդական աշխատանքի գիտելիքների վրա հիմնված միջնաժամկետ ռազմավարություն, որպեսզի՝

o բարելավվի եվրոպական, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում երիտասարդական աշխատանքի գիտելիքների և ռեսուրսների համակարգումը և նրանց հասանելիությունը,

o լրացուցիչ աջակցել երիտասարդական աշխատանքի փորձի փոխանակումը, փոխուսուցումը և կայուն ցանցերի ու գործընկերությունների ստեղծմանը,

o խթանել համագործակցությունը երիտասարդական դաշտում և բոլոր այն ոլորտներում, որտեղ երիտասարդական աշխատանք է տեղի ունենում ամրապնդելու կապերը, մասնավորապես ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի և հանրային մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև,

o ամրապնդել երկխոսությունը երիտասարդական աշխատանքի, երիտասարդական քաղաքականության և երիտասարդական հետազոտությունների միջև,

o ամրապնդել երիտասարդական աշխատանքի կարողությունը՝ արձագանքելու մեր հասարակության փոփոխություններին և միտումներին, երիտասարդների առջև կանգնած մարտահրավերներին,

o վճարովի և կամավոր երիտասարդական աշխատողների համար իրականացնել քարտեզագրման աշխատանքներ գործող կրթական և վերապատրաստման ոլորտների (օրինակ՝ մասնագիտական վերապատրաստում ու բարձրագույն կրթություն) և գոյություն ունեցող ունակությունների վավերացման համակարգերի վերաբերյալ,

o Մշակել մի շարք օժանդակ միջոցներ՝ աջակցելու անդամ պետություններին նախաձեռնել և իրականացնել այս հանձնարարականները։


5. Խթանել երիտասարդական աշխատանքի տարբեր տեսակների և դրանց արժեքների, ազդեցության և արժանիքների վերաբերյալ ազգային ու եվրոպական հետազոտությունների իրականացմանը։


6. Աջակցել երիտասարդական աշխատանքի ազդեցության և արդյունքների վերանայման ու գնահատման համապատասխան ձևերի զարգացմանը, և ուժեղացնելով անդամ պետություններում Եվրոպայի խորհրդի Երիտասարդական Աշխատանքի Պորտֆոլիոյի տարածումը, ճանաչումը և ազդեցությունը։


7. Առաջխաղացնել Եվրոպայի խորհրդի Quality Label for Youth Centres-ը (Երիտասարդական Կենտրոնների Որակական Պիտակ)՝ որպես լավագույն փորձի օրինակ։


Բացի այդ առաջարկվում է, որ անդամ պետությունների կառավարությունները՝

- ապահովեն, որ այս հանձնարարականը, ներառյալ դրա հավելվածը, թարգմանվի և տարածվի (հասանելի ձևաչափերով) համապատասխան մարմինների և շահագրգիռ կողմերի շրջանում՝ նպատակ ունենալով բարձրացնել որակյալ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը։

- հետևել Նախարարների խորհուրդի միջոցով, որ ապահովվի Հանձնարարականի իրականացումը փաստաթղթի ընդունվելուց հինգ տարի անց։



Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է 2001 թվականից։ Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 47 պետություն: Կազմակերպությունը ստեղծման օրվանից նպատակ է հռչակել մարդու իրավունքների հիմնական սկզբունքների կատարելագործումը։


Հանձնարարականի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությանը կարող եք ներբեռնել այստեղից:



Subscribe to our newsletter

コメント


bottom of page