Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) Երևանի և մարզային երիտասարդության համար հնարավորություն ստեղծեց ավելի տեղեկացված լինելու և համապատասխան արձագանքնելու ժամանակակից մարտահրավերներին։
Երիտասարդական ակումբների դաշնությունը սեպտեմբերի 21-ից 23-ը նախաձեռնեց եռօրյա դասընթաց «Ծայրահեղականությունը և բռնությունը կանխարգելենք երիտասարդական աշխատանքով» թեմայով։ Հայաստանի մարզերի ակտիվ երիտասարդները նախ հնարավորություն ստացան ծանոթանալու արմատականության, բռնի ծայրահեղականության եզրերի նշանակությանը, տեսակներին, դրսևորման պատճառներին, կանխարգելման մեջ երիտասարդական աշխատանքի կարևորությանը։
Դասընթացը ոչ ֆորմալ կրթության միջոցով հնարավորություն էր տալիս մասնակիցներին փորձի և տեսական գաղափարների փոխանակման միջոցով նոր հմտություններ ու գիտելիքներ ստանալ ծայրահեղականության և բռնության կանխարգելման մեթոդների մասին։ Դասընթացավարները Երիտասարդական ակումբների դաշնության մարզային ակումբների ակտիվ ներկայացուցիչներն ու համակարգողներն էին, որոնք փորձառություն էին ձեռք բերել այս օգոստոսին Ռումինիայում Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության կազմակերպած դասընթացավարների վերապատրաստման ժամանակ։
«Ոչ ֆորմալ կրթության միջոցով փորձում ենք ակտիվ նպատասել երիտասարդության հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Հայաստանի երիտասարդությունն այսօրինակ դասընթացների միջոցով կարող է կարևոր գիտելիքներ ստանալ՝ ակադեմիական կրթությանը զուգահեռ ավելի պրակտիկ մեթոդներ սովորելով՝ ծայրահեղականության և բռնության դրսևորումները սեփական համայնքներում ու շրջապատում կանխարգելելու համար։ Հավատացած եմ, որ այժմ առավել քան երբևէ երիտասարդական աշխատանքը կարևորվում է։ Իհարկե, շատ երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթությունը նորություն էր, քանի որ մասնակիցներն ընտրվել են նախկինում ունեցած քիչ փորձի և մարզային ակտիվ գործունեության պատրաստակամության շնորհիվ»,- նշեց դասընթացի համակարգող Դիանա Եղիազարյանը, ով Երիտասարդական ակումբների դաշնության միջազգային քարտուղարն է։
Անդրանիկ Հարոյանը, որը դասընթացավարության առաջին փորձն էր կատարում, տպավորված է. «Սպասելիքներս ամբողջությամբ արդարացվել են։ Սպասվածից անգամ ավելին ստացա։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց միջազգային փորձը կիրառելու ազգային մակարդակով։ Ունեցած գիտելիքը և փորձը կփոխանցնենք մարզերից ժամանած երիտասարդներին»։
Երիտասարդական ակումբների դաշնության Լոռու մարզի ակումբների համակարգող Սոխակ Մելքոնյանի խոսքով՝ եռօրյա ծրագիրը հագեցած էր գիտելիքների, փորձի փոխանցմամբ. «Մենք հատկապես երիտասարդական աշխատանքն ենք կարևորում։ Որպես դասընթացավարներ ջանք չենք խնայում արդյունավետ դասընթացների շարք ունենալու համար»։
Դասընթացավարության առաջին փորձն է ձեռք բերում նաև Աշտարակի մարզի «Այգ» ակումբի անդամ, ԵԱԴ կամավոր Ինեսա Շահազիզյանը. «Այս փորձը կարևոր քայլ էր դեպի առաջ՝ իբրև երիտասարդական աշխատող կայանալու ճանապարհին։ Կարծում եմ՝ կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ մասնակիցների անձի զարգացման գործում»։
Եռօրյա դասընթացի շրջանակում ծանոթանալով հիմնական երևույթներին, ձևակերպելով արդի առաջնահերթությունները և բռնի ծայրահեղականության դրսևորման պատճառները՝ մարզային երիտասարդները երկու օր շարունակ առավելապես հմտություններ և գիտելիքներ յուրացրեցին, պատկերացում կազմեցին երիտասարդական աշխատանքի մասին, դիտարկեցին այն որպես բռնի ծայրահեղականության դեմ պայքարի մեթոդ։ Ստացած գիտելիքները օգնեցին, որ երիտասարդները նախապատրաստեն տեղեկատվական արշավ «Արժևորենք երիտասարդական ախատանքը» (#ValueYouthWork) թեմայով։ Դասընթացի վերջին օրը՝ սեպտեմբերի 23-ին, մասնակիցները Երևանի կենտրոնում իրականացրեցին վերոնշյալ տեղեկատվական արշավը՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով երիտասարդական աշխատանքի առաջնայնության վրա։
«Ծայրահեղականությունը և բռնությունը կանխարգելենք երիտասարդական աշխատանքով» երիտասարդական դասընթացի կազմակերպիչը Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունն է։ Ծրագրի իրականացմանն աջակցել է ԵԱԴ-ի միջազգային գործընկեր Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնությունը (ECYC) ԵԽ երիտասարդական հիմնադրամի հետ միասին։