Երևանում ավարտվեց «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային քառօրյա գիտաժողովը, որին մասնակցում էին Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից ժամանած հետազոտական կենտրոնների, համալսարանների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովը կազմակերպվել էր Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ և International Youth Studies /InYouS/ խորագիրը կրող երկարաժամկետ ծրագրի շրջանակում: Երիտասարդական աշխատանքի կազմակերպման ու «երիտասարդական աշխատող» մասնագետների պատրաստման վերաբերյալ գիտաժողովի մասնակիցներն իրենց երկրներում իրականացրել էին հետազոտություններ, որոնք ներկայացվեցին ծրագրի ֆորմալ հատվածում:
Գիտաժողովի երկրորդ՝ ոչ ֆորմալ հատվածում մասնակիցներն ու երիտասարդական աշխատողները կիսվեցին իրենց երկրներում առկա երիտասարդական շարժումների պատմությամբ և կուտակած փորձով։
Քննարկվեց և հստակեցվեց «Միջազգային երիտասարդական աշխատանք» կրթական ծրագրի ուսումնական պլանի նախնական տարբերակը։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով
երկարաժամկետ երիտասարդական կրթական ծրագրի անհրաժեշտությունը՝ հիմնավորեց, որ այն ուղղված է «երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիության բարձրացմանը, և այդ առումով մշակվելու է մագիստրոսական ուսումնական ծրագիր, ինչպես նաև համալսարանական հեռավար դասընթաց: Բոլոր նյութերը բաց ու հասանելի են լինելու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ու բոլոր հետաքրքրվող երիտասարդների համար»։
Միաժամանակ, 13 երկրի ներկայացուցիչները Հայաստանում երկու պատմական իրադարձության մասնակից դարձան: Առաջինը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով այցելեցին Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղից շատերը դուրս եկան հուզված և ապշահար:
Երկրորդ կարևոր իրադարձությունը, որը անակնկալի բերեց եվրոպացիներին՝ երիտասարդական շարժումն էր, որը հիմք դրեց իշխանափոխության գաղափարին և կոչվեց Թավշյա հեղափոխություն, այն է՝ առանց զենքի և բռնության քաղաքացիական անհնազանդության դրսևորում: Մասնակիցները փաստում էին, որ այս իրադարձությունները Հայաստանը դարձնում են էլ ավելի ժողովրդավար և սա նշանակում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն իր ուրույն դերակատարությունն ունի, որից պետք է դասեր քաղել:
Ծրագրի մասնակիցներն առիթ ունեցան նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու և արձանագրելու, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է:
«Միջազգային երիտասարդական հետազոտություններ» ծրագրի հաջորդ փուլերն իրականացվելու են Վրաստանում, Չեխիայում, Ուկրաինայում և Բելգիայում: