Սեպտեմբերի 5-ից 7-ը Լեհաստանի Նովի Սոնչ քաղաքում անցկացվեց «Երիտասարդ առաջնորդների տնտեսական ֆորումը» 12-րդ համաժողովը: Այս տարի միջոցառմանը մասնակցեց աշխարհի 42 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչ՝ պետական ու հասարակական ոլորտի, երիտասարդական կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, կամավորներ, ուսանողներ և ակտիվ քաղաքացիներ: Համաժողովի ծրագիրը խիստ հագեցած էր՝ խմբային քննարկումներից մինչև դերախաղեր, հանդիպումներ հանրահայտ քաղաքական գործիչների հետ, այցելություն Կրինիցա-Զդրույում ընթացող 27րդ միջազգային տնտեսական համաժողով:
12-րդ տարին անընդմեջ լեհական Նովի Սոնչ փոքրիկ քաղաքում հյուրընկալվող ամենահայտնի երիտասարդական միջոցառմանը Հայաստանն ուներ 8 մասնակից, որոնց թվում էին Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) Միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը և Երիտասարդական ակումբների դաշնության Վերահսկիչ Հարություն Ծատրյանը։
Համաժողովի շրջանակում անցկացվեց դասախոսություններ ձեռներեցության, ձեռնարկատիրության և դրանց խոչընդոտների, առաջորդության և դրամահայթայթման կարևորության, Եվրոպական Միության ապագայի և Եվրոպայում հետագա զարգացումների մասին:
Մասնակիցների հետ հանդիպում ունեցան Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանովը և Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն: Երկու բարձրաստիճան քաղաքական գործիչները հիմնականում արծարծեցին անվտանգ Եվրոպայի գաղափարը և անդրադարձան այն խնդիրներին, որոնց դիմագրավում է Եվրոպական Միությունը: Բանախոսները խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ ընդգծեցին երիտասարդների դերակատարությունը:
Համաժողովի վերջին օրն անցավ Կրինիցա-Զդրույում, որը 27-րդ անգամ հյուրընկալել էր Լեհաստանի համար առանձահատուկ կարևորություն ունեցող Միջազգային տնտեսական համաժողովը: Միաժամանակյա ընթացող տարբեր թեմատիկ քննարկումները նվիրված էին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության ապագային, ծայրահեղականության ու բռնության դեմ պայքարին, քաղաքական պոպուլիզմի տարածման կանխարգելմանը, լրատվամիջոցների առջև ծառացած ժամանակակից խնդիրներին, Եվրոպայի ապագայի տեսլականին ու նոր հայեցակարգի մշակման առանձնահատկություններին: