Օգոստոսի 29-ին ավարտվեց Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն «Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) և «MIJARC EUROPE» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում իրականացվող «Երիտասարդական ճանապարհ դեպի հանդուրժողականություն» խորագիրը կրող ամառային ճամբարը: Խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին նվիրված ծրագրի ընթացքում եվրոպական ութ երկրներից ժամանած (Մալթա, Հայաստան, Ռումինիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Թուրքիա) ավելի քան 40 երիտասարդներ հնարավորություն ունեցան խորքային գիտելիքներ ձեռքբերելու միգրացիայի, ազգային և կրոնական ծայրահեղականության առաջացման, ատելության խոսքի տարածման քաղաքական-հասարակական պատճառների և դրանց հետևանքների մասին:
Այս ընթացքում երիտասարդներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր, եղան Սևանա լճում և հասցրեցին ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին: «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում եվրոպացի երիտասարդները ծանոթացան կազմակերպության` սիրիացի փախստականների հետ աշխատելու և նրանց աջակցություն ցույց տալու փորձին:
Ամառային ճամբարի վերջին օրը մասնակիցները ֆլեշմոբ իրականացրեցին, որի ընթացքում դերախաղերի և պարերի միջոցով կարողացան գրավել անցորդների ուշադրությունը և նրանց հասցնել հանդուժողականության և համերաշխության ուղերձները:
Հիշեցնենք, որ ամառային ճամբարի հիմնական նպատակն էր հզորացնել և ճիշտ ուղղորդել երիտասարդության ներուժը աշխարհում օրեցօր տարածվող անհանհանդուրժողականության մարտահրվերին դիմագրավելու և դրանց հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար: Ծրագրի հիմնական նպատակներից էին նաև բարձրացնել այս խնդիրների մասին երիտասարդների իրազեկվածության մակարդակը, օգնել նրանց տարածել մշակութային բազմազանության միջավայրն իրենց երկրներում, դիտարկել ծայրահեղականության և անհանդուրժողականության դրսևորումները տարբեր երկրներում և մշակել մեկ ընդհանուր դիրքորոշում դրանց նկատմամբ` տարածելով ժողովրդավարական երկխոսությունն ու համագործակցությունը հասարակությունների միջև: