top of page
Search

ԵԱԴ-ն ևս մեկ անգամ համախմբեց ՀՀ բոլոր մարզերի, Արցախի և Ջավախքի երիտասարդներին` երիտասարդական աշ



Մայիսի 12-14-ը կայացավ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության` «Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) երիտասարդական ակումբների 6-րդ եռօրյա համաժողովը: Համաժողովի նպատակն էր միավորել մարզային երիտասարդությանը երիտասարդական-սոցիալական աշխատանքի գաղափարի շուրջ, ներգրավել նրանց քաղաքացիական հասարակության մեջ, զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները:

Համաժողովի առաջին օրը` մայիսի 12-ին, Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից ժամանած երիտասարդները քննարկեցին մարզային երիտասարդությանն անհանգստացնող խնդիրները, առաջարկեցին դրանց լուծման ուղիներ, ծանոթացան կամավորական աշխատանքի տեղական և միջազգային փորձին, ինչպես նաև եվրոպական երկրներում կամավորությամբ զբաղվելու հնարավորություններին:

Համաժողովի երկրորդ օրը նվիրված էր մեր երկրում երիտասարդական-սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հեռանկարին: Երիտասարդները փորձառու մասնագետների շնորհիվ ծանոթացան սոցիալական ձեռնարկատիրության պատմությանը, էությանն ու Հայաստանում այս ոլորտի զարգացման օրենսդրական նախադրյալներին, բացահայտեցին աշխարհում սոցիալական ձեռնարկատիրության հաջողության պատմությունները, ինչպես նաև մշակեցին ձեռնարկատիրական գաղափարներ, որոնք կխթանեն իրենց համայնքների զարգացմանը: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքերով` կազմակերպությունը, 2017 թվականը հռչակելով երիտասարդական ձեռնարկատիրության զարգացման տարի, նախաձեռնել է «YES» մրցույթ-նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս ինքնատիպ գաղափարներ ունեցող երիտասարդներին ներկայացնել իրենց նախագծերը միջազգային ու տեղեկան կառույցներին` աջակցություն ստանալու նպտակով: «Այս մրցույթ-նախաձեռնության շրջանակներում ընտրվել են լավագույն տասը ձեռնարկատիրական նախագծերը, որոնք այսօր կներկայացվեն դոնորներին: Համաժողովի ընթացքում ձեռնարկատիրական գաղափարներ են մշակելու նաև մարզերից ժամանած երիտասարդները` համատեղ իրականացնելու նպատակադրմամբ»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:

Համաժողովի վերջին օրը մասնակիցներն ուղևորվեցին դեպի Հայաստանի 2017թ. երիտասարդական մայրաքաղաք Չարենցավան`տեղի երիտասարդական կառույցների և ՀԿ-ների հետ հանդիպման, ծանոթացան դրանց իրականացրած ծրագրերին և ապագայում նախատեսված միջոցառումներին: Համաժողովն ավարտվեց Չարենցավանի կենտրոնական հրապարակում իրականացված ինքնատիպ բացօթյա ֆլեշմոբով, որը նվիրված էր Հայաստանում այս տարի մայիսի 16-ին առաջին անգամ նշվող երիտասարդների օրվան:


bottom of page